15.05.2016

Սևանի մաքրությունը յուրաքանչյուր բնակչի պատիվն է․ ՀամաՍևանյան աղբահավաք

Մայիսի 14–ին  շուրշ 30 երիտասարդ  մաքրեցին Մարտունի քաղաքի Հ․Հարությունյան (Տիգրան Մեծ հանգստյան տուն տանող ճանապարհ) փողոցի հարակից աղբը և Սևանա լճի ափամերձ տարածքը։



Միջոցառման կազմակերպիչները՝ «Համահայկական բնապահպանական ճակատի» անդամները,  նախաձեռնել էին համաՍևանյան աղբահավաքը՝ ցանկանալով մաքրել Սևանա լճի ափամերձ տարածքը աղբից։



Աղբահավաքի նախաձեռնությունը զուտ մեկանգամյա գործողություն չէ, նախ՝ բնապահպանական կրթության առիթ է բոլոր մասնակիցների համար, ովքեր տարածքի պոտենցիալ օգտվողներ են, երկրորդ՝ առիթ է մշակելու ափամերձ գոտու հետագա աղտոտման կանխման գործողությունները, վերջապես՝ հնարավորություն է լայնամասշտաբ բնապահպանական ներգրավվածության և Սևանա լճի հետ կապված այլ խնդիրների բացահայտման։
ՀամաՍևանյան աղբահավաքին Մարտունի քաղաքում  պատրաստակամությամբ միացել էր «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպությունը և Մարտունի երիտասարդական բանկ կոմիտեի անդամները։

Կոմիտեի անդամ, ընդհամենը 15 ամյա Ինգա  Շահումյանը իր մասնակցությունն ակցիային բացատրեց նրանով, որ Մարտունու բնակչությունը չի հետաքրքրվում բնության պահպանությամբ  և իրենք երիտասարդներով միացել են ակցիային օրինակ ծառայելու համար և վերջապես
- Ամռանը մենք մեր ժամանցը կազմակերպում ենք այստեղ և մաքրելով նպաստում ենք լավ հանգիստ ունենալուն, - ասաց Ինգան։



Մաքրման աշխատանքներին միացան նաև Մարտունու հրշեջ փրկարարական ջոկատի երեք աշխատակից, ջոկատի հրամանատար  Արթուր Ալեքսանյանը խոսելով նախաձեռնության մասին, մասնավորապես ասաց․
- Ցանկացանք անմասն չմնալ այս կարևոր աշխատանքից, կամավորները, դեռահասները գերազանց աշխատանք տարան և ամենակարևորը ևս մեկ անգամ գիտակցեցին մաքուր բնություն ունենալու կարևորությունը։

ՀամաՍևանյան աղբահավաք

Комментариев нет:

Отправить комментарий