13.05.2016

Մի զրկեք կրթության իրավունքից․ բոլոր երեխաներն ունեն հավասար կրթություն ստանալու իրավունք

Հայաստանի Հանրապետությունում ներառական կրթության համակարգը ձևավորվել է դեռևս խորհրդային շրջանում: Հանրապետությունում երեխաների իրավունքների պաշտպանության համակարգված գործընթացը սկսվել է «ՄԱԿ-ի երեխայի իրավունքների մասին հռչակագրին» միանալուց հետո։ 1996 թվականին ընդունվեց «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը, 1999-ին՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքը, 2001-ին՝ «Կրթության զարգացման 2001-2005 թվականների պետական ծրագիրը», 2005-ին՝ «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքը:

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը սկիզբ դրեց հատուկ կրթական
համակարգի բարեփոխումներին: Օրենքում ամրագրված է, որ «կրթության առանձնահատուկ
պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը, ծնողների ընտրությամբ, կարող է իրականացվել ինչպես ընդհանուր հանրակրթական, այնպես էլ հատուկ դպրոցներում՝ հատուկ ծրագրերով»: 

Հայաստանում ներառական կրթությունը ձգտում է հասնել ուսուցման նկատմամբ առավել ճկուն մոտեցման` բավարարելու մարդկանց զանազան կրթական պահանջերը: Նույն սկզբունքով ել առաջնորդվում է Մարտունու 2-րդ հիմնական դպրոցը իրականացնելով ներառական կրթություն։




Մարտունիում Ներառական կրթության շնորհիվ մտավոր և ֆիզիկական զարգացման շեղումներ ունեցող երեխաները հնարավորություն են ունենում սովորել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք չունեցող երեխաների հետ համատեղ: Որը հաստատեց մեզ հետ հարցազրույցում Մարտունու 2-րդ հիմնական դպրոցի Սոցիալական մանկավարժ Աստղիկ Գալստյանը։

- Ի՞նչ է նշանակում ներառական կրթությունը։

- Ներառական կրթությունը հանրակրթության զարգացման գործընթաց է, որը ենթադրում է կրթության մատչելիություն բոլորի համար, երեխաների ամենատարբեր կարիքների բավարարմանն ուղղված բոլոր տեսակի միջոցների ապահովում, ինչը հանրակրթական դպրոց մտնելու այցեքարտ է ընձեռնում հատուկ կարիքներ ունեցող երեխաներին: Ներառական կրթությունը կրթական այնպիսի ծրագիր է, որը բացառում է ամեն տեսակ խտրականություն երեխաների նկատմամբ, ապահովում է հավասար վերաբերմունք բոլոր մարդկանց հանդեպ, կրթական համակարգում ստեղծում է ուրույն պայմաններ առանձնահատուկ կրթական կարիքներ ունեցող անձանց համար:

- Որքա՞ն ժամանակ է, որ դպրոցը ներառական կրթության հնարավորություն է տալիս երեխաներին։

- Դպրոցում ներառական կրթություն իրականացնում է 2012 թ․-ի հոկտեմբերի 1-ից։ Սկզբում աշակերտների թիվը 12 էր, իսկ այժմ աշխատում ենք 45 աշակերտի հետ։

- Առողջական ինչպիսի՞ խնդիրներով երեխաներ կարող են դառնալ ձեր սաները։


- Երեխաների առողջական վիճակը գնահատում են Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի համապատասխան մասնագետները։ Գնահատումն իրականացվում է հատուկ չափորոշիչներով՝ հենաշարժողական, լեզվի խնդիրներով, մտավոր հետամնացություն և այլ։ Նմանատիպ պրոբլեմներ ունեցող երեխաները կարող են դառնալ մեր սանը։ Դպրոցում մեծամասամբ լեզվի խնդիրներ ունեցող երեխաներ են։

- Ի՞նչ մասնագետներ են աշխատում դպրոցում։

- Աշխատանքային թիմը կոչվում է բազմամասնագիտական թիմ, որտեղ աշխատում են, երկու լոգոպեդ, սոց․ մանկավարժ, հոգեբան, հատուկ մանկավարժ և սուրդոմանկավարժ։


- Ի՞նչ պայմաներում են սովորում երեխաները։ 

- Ներառական կրթության համար ունենք բոլոր պայմաները՝ համապատասխան սեղաներ, պահարաներ, ունենք հատուկ պայմաններ այն երեխաների համար, որոնք չեն հասցնում հանրակրթական ուսումնական ծրագիրը։ Բոլոր ԿԱՊԿՈւ (կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող) երեխաների ուսուցման գործընթացը իրականացվում է ԱՈւՊ–ի (անհատական ուսուցման պլան) միջոցով։ Դպրոցում ունենք նաև թեքահարթակներ հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար։

- Ի՞նչ դժվարություներ կարող է հանդիպել երեխան դպրոցում՝ տեղաշարժման, անհանդուրժողականության և այլն։

- Երեխաները միայն տեղաշարժման խնդիր ունեն դպրոցը եռահարկ է և հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաները չեն կարող բարձրանալ 2-րդ և 3-րդ հարկ։ Ցանկալի կլիներ, որպեզի դպրոցում գործեր վերելակ։


- Ինչիպիսի՞ միջոցներ եք ձեռնարկում որպեսզի կրթության առանձնահատուկ պայմանանների կարիք ունեցող երեխաներն անհանդարժուղականության չենթարկվեն։  

- Միանշանակ, պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ, զրույցներ և՛ ծնողների, և՛ ուսուցիչների հետ։ Օրինակ, անցյալ տարի հատուկ մանկավարժի և հոգեբանի նախաձեռնությամբ ԿԱՊԿՈւ աշակերտների մասնակցությամբ բեմականացվեցին «Պոչատ աղվես» և «Մկների ժողով» հեքիաթները։ Առաջիկայում պլանավորում ենք դպրոցի սաների համար ֆիլմի ցուցադրություն–քննարկում հանդուրժողականության վերաբերյալ։

- Եվ վերջապես, ի՞նչ խորհուրդ կտաք այն ծնողներին, ում երեխաները ունեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, բայց շարունակում են տանը մնալ՝ ինչ–որ առումով մեկուսացված, զրկված կրթության իրավունքից։

- Հորդորում եմ ծնողներին, որպեսզի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին չզրկել կրթություն  ստանալու իրենց իրավունքից։ Մարտունու տարածաշրջանում առայժմ միայն Մարտունու թիվ 2 դպրոցն ունի բոլոր հնարավորությունները երեխաներին ադապտացնելու դպրոցին, ինչպես նաև մասնագետների աջակցությամբ լուծել մի շարք հոգեբանական տարբեր խնդիրներ։ Մի մեկուսացերք երեխաներին․ հնարավորություն տվեք որպեսզի անհատ ձևավորվեն և  հասարակության լիարժեք անդամ։

Աստղիկ Գալստյանը նշեց նաև, որ դպրոցը ԿԱՊԿՈւ աշակերտներին ապահովում է ամենօրյա սնունդով, ինչպես նաև հոգում այլ համայնքներից հաճախող սաների ճանապարհածախսը։

Հատուկ շնորհակալություն բոլոր մանկավարժներին մեծ աշխատանք կատարելու համար։

Հեղինակներ՝ Կարեն Մարգարյան և Անուշ Ավետիսյան

Комментариев нет:

Отправка комментария