09.11.2016

Երթևեկում ենք առանց չվացուցակի, անտոմս, գլխաքանակով


- Դե, ես հասարկ մարդ եմ, օգտվում եմ տրանսպորտի հասարակական միջոցներից,- ասաց իմ երիտասարդ բարեկամը և շարունակեց, - Վաղ առավոտյան հապճեպ ինձ նետեցի գազել կոչվող երթուղային տրանսպորտի կայանատեղի, որպեսզի մեկնեմ մայրաքաղաք: Եղանակը լավ էր ու տրամադրող, սակայն պարզվեց, որ ուշացել եմ, երթուղայինը մեկնել է: Ստիպված էի սպասել, մանավանդ շատ սպասողներ կային և մի սպիտակ գազել կանգնեց և մենք լցվեցինք մեջը, նստեցինք ու սպասում էինք՝ հայտնվեց պատասխանատուն և ասաց, որ սա չի գնալու, իջնենք ու նստենք ա՜յ, այն բալի գույնի գազելը: Իջանք, նստեցինք ու մի որոշ ժամանակ անց նորից եկավ ու ասաց, որ մեր ցավը տանում է, բայց պետք է նստենք ա՜յ այն մյուս սպիտակ գազելը:  Ճարներս ինչ, մարդ ենք, պետք է հասկանանք, իջանք, նստեցինք ու սպասում ենք: Պատասխանատուն եկավ, հաշվեց մեր ու պարզվեց, որ գլխաքանակը պակաս է, չնայած էլ ազատ նստատեղեր չկային: Էլի ուղևորներ եկան ու նստոտեցին անցումի ազատ տարածքում դրված աթոռակներին:

Է՛, մարդ ենք, մեր ժողովուրդն է, պիտի հասկանանք ու երբ դրանք էլ նստեցին և արդեն տեղ չկար նստելու ու պիտի նստեին մեր ուսերին՝ եկավ, հաշվեց մեզ, ըստ գլխաքանակի, փողերը հավաքեց, դրեց գրպանը, մեզ հաջողություն մաղթեց, դուռը զխկոցով փակեց ու մենք շարժվեցինք:
Այնուհետև նա պատմեց զվարճալի արկածներով լեցուն մի պատմություն, որին կնախանձեին անգամ իտալական նեոռեալիստական ֆիլմերի շատ ռեժիսորներ:

Այդ մասին մեկ ուրիշ անգամ:

–––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––

-Երևանում գործերս շուտ վերջացրեցի ու հասա Հյուսիսային ավտոկայան:
Եթե կարծում եք, թե մայրաքաղաքում իրավիճակը ավելի բարվոք է սխալվում եք, այստեղ նույնպես տիրում է նույն գլխաքանակով գանձվող, անտոմս ու անժամ ու ժամանակ չվերթների սկզբունքը, նույն գազելներով: Երբ լրացավ կշարժվենք:
Գլխաքանակը լրանում է, պատասխանատուն հաջողություն չի հասցնում ասել, շարժվում ենք- ավարտում է երիտասարդը:

Այո՛, այո՛, խոսքը Մարտունի-Երևան-Մարտունի  «ԳԾԻ» մասին է:

Ոչ պակաս արկածալից է նաև վերադարձի ճանապարհը:
Այդ մասին մեկ ուրիշ անգամ:
-----------------------------------------------------------------

Հ.Գ. Ասում են նշված գիծը արդեն սպասարկում են ժամանակակից ստանդարտների համապատասխանող , սպրինտեր կոչվող երթուղայիններ։ Մարդիկ օգտվում են երթևեկության ավելի քաղաքակիրթ ձևերից:
Ասում են՝ դարձյալ գործում է առանց չվացուցակի, անտոմս գլխաքանակով երթևեկության սկզբունքը:

2012-2016 թթ
Հեղինակ՝ Տաթևիկ Գրիգորյան

Комментариев нет:

Отправить комментарий