10.02.2017

«Բնապահպանության նախարարները գալիս են գնում են, Սևանա լճի խնդիրները՝ շատանում»․ Անահիտ Գևորգյան

Հայաստանում առկա խնդիրները լուսաբանելիս մարդիկ փնտրում են հետաքրքիր տարբերակներ: Տարբերակններն ավելի արդյունավետ են դառնում, երբ այդ խնդիրներին անդրադառնում են պատանիները ու երիտասարդները:
Այսպես` Գեղամը, Բաբկենը և Մանասը՝ Նորատուսի «Էկոակումբի» սաները, անհանգստանալով Սևանա լճի խնդիրներով, նկարահանել են «SOS Սևան» ֆիլմը: 

Փետրվարի 8-ին «Մարտունի ինֆոտանը» տեղի ունեցավ ֆիլմի դիտում–քննարկում:

Ֆիլմի թեմատիկ ուղղվածությունը գրավել էր շատերին և դրանով էր պայմանավորված 
այն փաստը, որ հանդիսատեսի քանակը բավականին մեծ էր: 

Ֆիլմը իր պարզ բնույթով բավականին խորը բնապահպանական խնդիրների էր անդրադարձել: Տղաները խորհրդանշական կարմիր վերնաշապիկներով շրջում էին Սևանին հարակից տարածքով և զրուցելով բնակիչների հետ փորձում էին պարզել նրանց իրազեկվածությունը, միաժամանակ՝ բարձրացնելով իրենց հուզող մի շարք հարցեր:

Ֆիլմի ավարտից հետո տեղի ունեցավ քննարկում, որի ժամանակ ելույթ-առաջարկով դիմեց ներկաներին «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ի նախագահ Անահիտ Գևորգյանը: 

«Յուրաքանչյուր ոք պետք է գիտակցի, որ Սևանա լիճը իր հարստությունն է, մեր նախնիները լճի ռեսուրսները հաշվի առնելով են եկել և բնակություն հաստատել այս տարածաշրջանում»,– իր խոսքում նշեց Անահիտ Գևորգյանը և հավելեց, որ Սևանա լճի հետ կապված հարցերը պետք է  այսուհետ բարձրացնել մինչև համազգային մակարդակ:

«Բնապահպանության նախարարները գալիս են գնում ու իրենց գնալուց հետո կարծում են, որ էլ ոչ մի պատասխանատվություն չունեն, բայց  իրենց օրոք է, որ Սևանա լճի մակարդակը իջացրեցին՝ այլ չնովնիկների առանձնատները ջրի տակ չթողնելու համար։ Հիմա էլ, Սևանը մի քանի օլիգարխների համար դարձրել են ձկնաբուծարան՝  ջրի մեջ արհեստական լողավազաններ սարքելով՝ ձկներին հորմոններով կերեակրելով»,– հայտնեց իր մտահոգությունը Գևորգյանը և շարունակեց,– «Առաջիկայում մեզ սպասվում են Խորհրդարանական ընտրություններ և մենք «Ձեռքներդ հեռո՛ւ Սևանա լճից» նախաձեռնությունն ենք սկսում, մեր պարտքն ենք համարում բոլոր կուսակցությունների, դաշինքների ներկայացուցիչներին իրազեկել Սևանի խնդիրների մասին ու հասկանալ, արդյո՞ք Սևանի ավազանից առաջադրվող «ռեյտինգային» թեկնածուն մտահոգվում է Սևանի  խնդիրներով»։

Քննարկման ժամանակ անդրադարձ կատարվեց նաև բնապահպանական այլ խնդիրների՝ ինչպիսիք են անօրինական ծառահատումները, շրջակա միջավայրի աղտոտվածությունը, Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը  և այլն: 






Հեղիանակներ՝ Մանան Մխիթարյան
 («Մարտունի Ինֆոտան» կամավոր)
Անուշ Սիմոնյան 
(«Մարտունի Ինֆոտան» համակարգողի օգնական)

Комментариев нет:

Отправить комментарий