24.02.2020

Տեառնընդառաջը Մարտունու տարածաշրջանում

Տեառնընդառաջը Հայ Առաքելական եկեղեցու տերունական, անշարժ տոներից է։ Տոնը հայոց կենցաղում հայտնի է տարբեր անվանումներով՝ Դոռոնջ, Տրընդեզ, Տերինտազ,  Տերընտաս, Տերինտես, Դառդառանջ, Տանտառեջ և այլն: Ժողովրդի շրջանում առավել  տարածված է Տրընդեզ անվանումը: Օրվա տոնական հանդիսություններն ունեն հնագույն ավանդույթներ և առնչվում են  կրակի մաքրագործող զորության հանդեպ ունեցած հավատի հետ։


Ինչպես հայաստանյան շատ վայրերում Մարտունու տարածաշրջանում ևս Տեառնընդառաջի հիմնական ծեսը խարույկ վառելն է։ Բացի եկեղեցու բակերից, խարույկը վառում են նաև տների բակերում։ Բազմազան են Տեառնընդառաջի խարույկի շուրջը տեղի ունեցող ծեսերը, որոնք արտահայտում են երիտասարդության, սիրո, ամուսնության,  սերնդաճի և նմանատիպ այլ գաղափարներ: Տոնն ավելի հանդիսավոր են նշում այն ընտանիքներում, որտեղ կան նորապսակ զույգեր կամ նշանված աղջիկներ։ Ըստ ավանդույթի՝ Տեառնընդառաջի առավոտյան փեսացուի ընտանիքն այցելում է հարսնացուին և ուղեկցում նրան  կրակի շուրջը պտտվելու։ Վառված խարույկի շուրջը պտտվում և նրա  վրայով ցատկում են բոլորը, սակայն առաջինը ցատկելու իրավունքը տրվում է նորապսակներին: Նրանց ուղեկցելու իրավունք ունեն քավորը,  քավորկինը: Քավորը, սովորաբար, բռնում է փեսայի/փեսացուի ձեռքը, վերջինս էլ՝ հարսի/հարսնացուի և միասին յոթ կամ երեք անգամ պտտվում են բոցավառվող կրակի շուրջը, ապա ցատկում դրա վրայով: Կրակի շուրջը պտտվելու արարողությունն ուղեկցվում է երգ ու պարով, որին էլ հաջորդում է տոնական խրախճանքը: Տոնական առատ սեղանների  ծիսական ուտեստներն են համարվում հալվան, գաթան, փոխինդը, չրեղենն ու ընդեղենը և այլն։







Комментариев нет:

Отправить комментарий