03.02.2012

Շարունակական երթ. «Մէկ» նախագիծը ներկայացվեց «Մարտունի Ինֆոտանը»


 «Երթը շարունակվում է...», «10 շրջան` մեկ երկիր». այս խորագրերն է կրում ի նշանավորումն իր հիմնադրման 20-ամյակի Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնի (ՆՓԱԿ) Հայաստանի մարզերում կինոթատերական փորձի փոխանակմանը, դեպի մարզեր իր գործունեության ծավալմանը միտված «Մէկ» նախագիծը: Ծրագիրն իրականացվում է հանրապետությունով մեկ կազմակերպվող շրջագայությունների միջոցով: Այսօր` փետրվարի 3-ին, «Մէկ» նախագիծը հյուրընկալվել էր «Մարտունի Ինֆոտանը»:






Տեսանյութը`«Զանգակ» ՀԸ-ի

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի աջակցությամբ կազմակերպված միջոցառմանը ներկա էին մեծաթիվ արվեստասերներ` տարածաշրջանի մի շարք կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, այդ թվում` Մարտունու ժողովրդական թատրոնի դերասաններ, «Մարտունի Ինֆոտուն» բլոգի քաղաքացիական լրագրողներ, ուսանողներ:











Ինչպես նշեց ՆՓԱԿ-ի գեղարվեստական խորհրդի նախագահ, «Մէկ կադր» միջազգային փառատոնի ղեկավար Գագիկ Ղազարէն, ծրագրի հիմնական նպատակներից են մայրաքաղաքում կենտրոնացած մշակութային կյանքի ավանդական արվեստի հենքի վրա ստեղծված նորարարական միտքը մարզերի արվեստասերներին նեկայացնելը, կինոթատերական ոլորտում տեղի ներուժի հայտնաբերումն ու նրա զարգացմանը խթանելը:





Իսկ Մարտունիում այդ նպատակներին ծառայող ծրագրի մեկնարկն, ըստ մեր զրուցակցի, հնարավոր է դարձել «Մէկ» նախագծի հիմնական հովանավոր «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի, «Մարտունի Ինֆոտան» և տեղի «Զանգակ» ՀԸ-ի ցուցաբերած եռակողմ աջակցությամբ:





Միջոցառման ընթացքում ներկայացվեց «Մէկ քառակուսի մետր» (համանուն փառատոն էլ կա) թատերական ծրագրի 2 բեմականացում` Ավ. Իսահակայանի «Ծառա Սիմոնը» և Հովհ. Թումանյանի «Սուտլիկ որսկանը»:






Այս դեպքում առանձնահատկությունն այն է, որ դերասանին կամ փոքր թատերախմբին ընդամենը 1 քառակուսի մետր բեմական տարածք է հատկացվում:









                                                                             

Գ. Ղազարէն ներկաների ուշադրությունը հրավիրեց այս ձևաչափով ներկայացումների հեշտ իրագործելիության հանգամանքին: «Թատրոնն սկսվում է մանկությունից, երբ երեխային կանգնեցնում են մի աթոռի վրա և ասում` ասմունքիր»,- ասաց նա` նկատելով, որ, լինելով հանդերձ արդիական լուծում, «Մէկ քառակուսի մետրը» հիմքում կրում է թատրոնի նախաստեղծ վիճակը, վերադառնում է դեպի շրջիկ թատրոնները:






Թատերական մասին հաջորդեց կինոդիտումը: Գ. Ղազարէն պատմեց «Մէկ կադր» միջազգային փառատոնի մասին. այս յուրօրինակ կինոմրցույթում ներկայացվում են 1 րոպե տևողությամբ ամբողջական կադրեր` տարբեր ասելիքով,առանց թեմատիկ սահմանափակման: Կարելի է ձայնային և այլ էֆֆեկտներ օգտագործել, միակ սահմանափակումը 1 րոպեանոց կադրի ամբողջականությունն է: Շուրջ 6 տասնյակ այդպիսի աշխատանքների ցուցադրությունն ընդմիջվում էր քննարկմամբ:





Միջոցառման կազմակերպիչները հույս հայտնեցին, որ առաջիկայում մարտունեցի կինոսիրողները ևս կմասնակցեն «Մէկ կադր» փառատոնին` Գեղամա լեռների ժայռապատկերներից վերցված հավերժության խորհրդանիշը պատկերող մրցանակը հայրենի եզերք բերելով: Այսքանով ՆՓԱԿ-ի և «Մարտունի Ինֆոտան» համագործակցությունը չի սահմանափակվում. սա միայն սկիզբն էր առավել ծավալուն գործակցության:



 




 






Комментариев нет:

Отправить комментарий