14.04.2012

Որ Մարտունին քաղաքի նմանվի...


Մարտունին քաղաք է համարվում, բայց, կարծում եմ, որ դեռևս շատ զարգանալու կարիք ունի, որպեսզի իրապես նմանվի քաղաքի, քանզի այստեղ առկա են բազմաթիվ թերություններ, որոնք ժամանակի ընթացքում պետք է շտկվեն և իրենց ճիշտ լուծումը ստանան:

Վերը նշածիս վերաբերյալ կարելի է բերել բազմաթիվ օրինակներ` փողոցների և մայթերի վատթար վիճակը, լուսավորվածությունը (գիշերային լուսավորություն դեռևս միայն քաղաքի կենտրոնում կա ), աղտոտվածությունը, բարձրահարկ շենքերի, բակերի, քաղաքային զբոսայգու վիճակը և հասարակական զուգարանների բացակայությունը: 




Դրանցից առաջնային լուծում պահանջող թերություններից մեկն այն է, որ, ինչպես նշեցի, քաղաքի ոչ բոլոր փողոցներն են լուսավորված: Գիշերային լուսավորությամբ են ապահովված հիմնականում Մյասնիկյան փողոցի Սելիմի մայրուղու հետ հատման խաչմերուկից` շուկայի մոտից, մինչև ոստիկանության խաչմերուկը, ապաև` Երևանյան փողոցի ոստիկանությունից մինչև ավտոկայան հատվածը, այսինքն` քաղաքի կենտրոնական մասը:


Շատ թույլ է լուսավորված Պռոշյան փողոցը, որի լուսավորվածությունը ապահովված է միայն մեկ լուսամփոփի շնորհիվ: Գիշերային ժամերին Պռոշյան, Սայաթ Նովա, Գետափնյա և մի շարք այլ փողոցներով անհնարին է անցնել:

Երեկոյան ժամերին բնակիչները հնարավորինս խուսափում են այս փողոցներով քայլելու ռիսկին դիմել` հատկապես անձրևից հետո:

Կհարցնեք` էհ, անձրևն ի՞նչ կապ ունի լուսավորության հետ... Ասեմ. փողոցներն ունեն նաև անհարթություններ, եթե առկա բազմաթիվ մեծ-մեծ ջրափոսերն այդպես կարելի է անվանել:




Որոշ փողոցներ պարզապես քարուքանդ վիճակում են` ի տարբերություն քիչ, թե շատ բարվոք, դե, գոնե` ասֆալտապատ կենտրոնի:

Փոսառատ փողոցներում դրությունն էլ ավելի է ծանրանում գարնանն ու աշնանը. անձրևից հետո ցեխոտ ճանապարհներով անհնարին է քայլել, դժվարանցանելի են դառնում նաև ջրափոսերի վերածված մայթերը: Նույնիսկ տաքսու վարորդներն են հրաժարվում այդ փողոցներով երթևեկել:



    
Անգամ մեկ-երկու տարի առաջ ասֆալտապատված որոշ ճանապարհներին են փոսեր բացվել` գուցե անորակ աշխատանքի պատճառով: Այդպիսի փոսերի կարող եք հանդիպել, օրինակ, Երևան տանող մայրուղու վրա, որոնցից մեկը հենց ավտոկայանի հարևանությամբ` Երևանյան փողոցի հետ հատման խաչմերուկի վրա է` ավտովթարի առաջացման պոտենցիալ վտանգ հանդիսանալով:
Սելիմի մայրուղու վրա էլ այդպիսիք նկատելի են, կան նաև այլ վայրերում` Սայաթ-Նովա, Երևանյան փողոցներում և այլն:

Իսկ Մյասնիկյան փողոցի Սելիմի խաչմերուկից Վաղաշեն գյուղ տանող ճանապարհահատվածով երկար ժամանակ է, ինչ խուսափում են մեքենա վարել վարորդները... Այստեղ արդեն, ինչպես ծանոթ վարորդներիցս մեկն էր կեսկատակ-կեսդառնությամբ ասում` պետք է ոչ թե մեքենան փոսից «փախցնելու» մասին մտածել, այլ` ո՞ր փոսը գցես այն, որ վնասը համեմատաբար քիչ լինի... Արդարության դեմ չմեղանչելու համար, ասեմ, որ, ճիշտ է` քաղաքապետարանը ժամանակ առ ժամանակ փոսալցման-հարթեցման աշխատանքներ կատարում է, բայց դա գրեթե օգուտ չի տալիս, խնդրի կարճաժամկետ լուծում է: Մյասնիկյան փողոցի այս հատվածի ասֆալտապատման քանի-քանի խոստում ու ծրագիր է մնացել անկատար... Մինչդեռ, հենց այս ճանապարհով են գնում-գալիս դեպի Մարտունու թիվ 1 միջն. դպրոց, ավտոդպրոց ու թիվ 1 մանկապարտեզ...




Հաջորդ կարևորագույն խնդիրներից է աղբանոցների շրջակայքի աղտոտվածությունը: Աղտոտվածությունը հասել է այն աստիճանի, որ անցնում է փողոցներում իրենց համար հատկացված տարածքների սահմանը: Հաճախ կարելի է տեսնել կիսադատարկ աղբամաններ, որոնց շուրջը բնակիչներն աղբի տոպրակներ են շպրտել: Այդպիսի պատկերի եմ ականատես եղել Սայաթ –Նովա, Մյասնիկյան, Պռոշյան և այլ փողոցներում:




Ինչ վերաբերում է քաղաքային զբոսայգուն, ապա այն ունի բազմաթիվ թերություններ, որոնցից մեկ-երկուսը կթվարկեմ: Այստեղ բացակայում են խաղահրապարակները, որի արդյունքում երեխաները զրկվում են բացօթյա պայմաններում խաղալու հնարավորությունից: Նստարանները գտնվում են վատ վիճակում, գոյություն չունի որևէ սրճարան` նախատեսված ընտանիքով հաճախելու համար: Մի խոսքով` զբոսայգին մատնված է անուշադրության:


Հասարակական զուգարաններ ընդհանրապես գոյություն չունեն` ինչպես այստեղ, այնպես էլ ողջ քաղաքում: Մինչդեռ բազմիցս խոսվել է մեր քաղաքում զբոսաշրջության զարգացման մասին. իսկ դրա համար արդյո՞ք կարևոր չէ ինչպես հասարակական զուգարանների առկայությունը, այնպես էլ` նշածս մյուս խնդիրների լուծումը: Եթե սեփական քաղաքացիների բարօրության համար ցանկություն չկա այդ ամենը շտկելու, ապա գոնե հյուրերի, բիզնեսի զարգացման համար թող արվի դա...

       
Ոչ պակաս ծանր վիճակում են գտնվում հիվանդանոց տանող ճանապարհը Գետափնյա փողոցին միացնող կամուրջները: Գետափնյա իրար զուգահեռ երկու ճանապարհներին նույնպես առկա են բազմաթիվ ջրափոսեր, անհարթություններ: Կամուրջը և հիվանդանոցի փողոցը շուտափույթ ուշադրություն են պահանջում: Արդեն շուրջ 10 -15 տարի է հիվանդանոցի դիմաց գտնվող Գետափնյա փողոցը չի ասֆալտապատվում:

Բնակելի շենքերի մասին կարելի է ասել հետևյալը , որ դրանք գտնվում են խարխուլ վիճակում: Համատիրություններ չեն գործում, ինչը նշանակում է, որ շենքերի ընդհանուր պահպանությունը դուրս է որևէ պատասխանատու հոգածությունից: Շենքերի բակերում էլ չկան երեխաների համար նախատեսված խաղահրապարակներ, քանզի հիմնական տարածքը զբաղեցնում են ավտոտնակները:

Սրանք մեր քաղաքում առկա խնդիրների մի մասն էին միայն... 

Նպատակս ամենևին էլ այդ թերությունների ինքնանպատակ ցույց տալը չէր, այլ` սրտացավ քաղաքացու մտահոգության դրսևորում: Հուսով եմ, որ ինչ-որ պաշտոնյա կամ մեկ այլ կարող ձեռք աչքի կանցկացնի ու հանկարծ կհիշի, որ ինչ-որ բան այս պատկերում կարող է ինքն էլ փոխել, որ մեր քաղաքն իսկապես քաղաքի նմանվի...

Комментариев нет:

Отправить комментарий