13.08.2013

«Գոմերի» վերջին մոհիկանները. Լեռներում դեռ մարդիկ կան

  

Սաթիկ տատն ու Ավետիք պապը չեն հիշում որևէ տարի, երբ ամառը Մարտունիում գտնվող իրենց տանն անցկացրած լինեն:











«Հենց գարունը գալիս է, ձյունը հալվում ու սարի ճամփեն արդեն բաց է, մենք հավաքում ենք մեր քոչն ու անասունների հետ միասին գնում ենք սարի մեր տուն», - պատմում է Սաթիկ տատը:






Մարտունին քաղաքային տնտեսություն լինելու պատճառով գրեթե չունի իր սեփական արոտավայրերը: Մարտունեցիների հանդահողերը գտվում են հարևան գյուղից` Գեղհովիտից հետո, Վարդենիսի ու Եղեգնաձորի սարերի արանքում:




Իրենք` մարտունեցիները, սարերում գտնվող բնակավայրը կոչում են «Գոմեր», բայց տարածքը հին բնակավայր է, որտեղ պահպանվել են կիկլոպյան ամրոցի մնացորդներ, մատուռի վերածված տաճարի սյուներն էլ վկայում են բնակավայրի քաղաքակրթական նախկին հզորության մասին:






«Գոմերվա տունը իմ հերնա եկել, հորիցս հետո ես եմ գալիս, այ, թե ինձանից հետո ո՞վ կգա` չգիտեմ …» ,- մտախոհ ասում է Ավետիք պապը:








Նախկինում «Գոմերում» մոտ վաթսուն-յոթանասուն տնտեսություն է եղել, եկել են ամբողջ ընտանիքով ու զբաղվել անասնապահությամբ:


















Իսկ հիմա լքված տների արանքներում ընդամենը քսան-քսանհինգ բակից կլսես անասունի բառաչ: Եկողներն էլ միայն տարեցներն են:






Ավետիք պապն ու Սաթիկ տատը այն եզակի երջանիկներից են, ովքեր դեռ քաղաքում հարազատներ ունեն, զավակներ, թոռներ, որոնք պարբերաբար գնում են այցելության, անհրաժեշտ մթերք ու պարագաներ են հասցնում:







Չնայած իրենց պատկառելի տարիքին` պապն ու տատը յոթ խոշոր եղջերավոր անասուն ունեն, մի քանի խոզ, հավեր, բադեր:










«Էս անասունից ստացած կաթը, պանիրը, կարագը հիմնականում չեմ ծախում, հյուրասիրում եմ «քաղաքում քաղաքացի դարձած» իմ հարազատ-բարեկամներին»,- քմծիծաղով ասում է Սաթիկ տատն ու իր ձեռքով թան պատրաստում:












«Գոմերվա» տունը շատ համեստ է, կազմված է նախասրահ-խոհանոցից ու ննջարան-հյուրասենյակից, իրենց լեզվով` «օթախից»:











«Մեր տունը Գոմերի եզակի էն տներից ա, որ գոմն առանձին մուտքով ես մտնում, օթախի հետ կապ չունի» , - համեստորեն հպարտանում է Ավետիք պապը:










Իր տերերի նման ակնառու պարզության մեջ խոր հիշողություն է կրում այս տունը.  հնի հետ կողք-կողքի կհանդիպես տեխնիկական ժամանակակից միջոցների` էլեկտրական թեյնիկ, վառարան:







Իսկ պատուհանին դրված ռադիոն լեռներում ծվարած տան ծեր բնակիչներին հաղորդակից է դարձնում աշխարհի անցուդարձին` նրանց պահելով նրա ընթացքի մեջ, բայց մեկ այլ ռիթմով:

  


Комментариев нет:

Отправить комментарий