Կարմիրգյուղ համայնքը գտնվում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի արևմտյան մասում՝ մարզկենտրոնից 3 կմ հարավ-արևելք: Այն Նախկինում անվանվել է Ղուլալի, իսկ ավելի վաղ Աշնակ: Գյուղը հիմնադրվել է 1828 թվականին, երբ սկսվել է ներգաղթը Արևմտյան Հայաստանի Բայազետ նահանգից: Կարմիրգյուղ է վերանվանվել ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1940թ. հունիսի 1-ի հրամանագրով։ Գյուղի հայկական հին անունը մոռացվել է և եղած նյութերով վերականգնել հնարավոր չէ։ Ըստ մի ձեռագրի՝ 1664թ․-ին գյուղը կոչվել է Ղուլալի, ինչի մասին վկայում է «գրեցաւ․․․ ի յերկիրս Գեղամա, ի գիւղս որ կոչի Ղուլալի» արձանագրությունը:
Տաթևի վանքի ձեռագրերում պահպանվել է մի փաստաթուղթ, ըստ որի Գեղարքունիքի մելիքներն ու տանուտերերը 1513 թվականին եկել են Տաթև, քանի որ Գեղարքունիքը գտնվել է վանքի թեմի կազմում։ Վավերագրերում հիշատակվող մելիք Փիրհամզայի նստավայրը՝ ըստ արձանագրությունների և խաչքարերի գրությունների, եղել է Ղուլալիում։ Այստեղ է եղել նաև Փիրհամզայի գերդաստանի գերեզմանատունը:
Կլիման ցուրտ է, առողջարար, ջուրը ջրմուղով բերվում է Սարուխանից 6 կմ, և Գավառի Հացառատ թաղամասից: Կարմիրգյուղում գործում է 2 եկեղեցի, որտեղ հաճախակի կատարվում են եկեղեցական արարողություններ: Գյուղում 1971 թ. կառուցվել է մշակույթի տուն, որը 1990 թվականից չէր գործում խիստ վերանորոգման կարիք ունենալու պատճառով: 2011թվականին հիմնանորոգվել է մի հատվածը, որն այժմ գործում է որպես արվեստի դպրոց:
Գյուղն ունի երկու միջնակարգ դպրոց, մեկ բուժամբուլատորիա, մեկ մանկապարտեզ, մեկ հացի կոմբինատ: 2011թ. համայնքի միջոցներով կառուցվել է «Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան պատերազմում» զոհվածների հուշարձան համալիր: Գյուղը նախկինում մտնում էր Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառի մեջ: Բնակչությունը զբաղվում է երկրագործությամբ, անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, քիչ մասն էլ՝ ձկնորսությամբ: Գյուղի բնակիչները շատ հումորով մարդիկ են և նրանց հումորները մինչև օրս պահպանվել են գրավոր տարբերակով, ահա և դրանցից մի քանիսը:
Կարմիրգյուղի հումորներն ու զրույցները՝ Քյավառա բարբառով
Ապետնակը
Գյուղում Ապետնակ անունով մի մարդ կար՝ տարօրինակ բնավորությամբ: Փողոցով անցնելիս երեխաները նրան հանգիստ չէին տալիս, հետևից բղավում էին Ապետնակ, ծիծեռնակ, սելի ակ, և այլն: Նա խիստ ջղայնանում էր, հայհոյում ու քարեր շպրտում նրանց վրա…
Ապետնակի տունը գտնվում էր դպրոցի մոտ: Երբ կովերը տանում էին գետը ջրելու, դպրոցի աշակերտները հավաքվում էին գետի մյուս ափին և բղավում՝ Ապետնա~կ, ծիծեռնա~կ… Նրանց հայհոյում էր, բայց վարարած գետը չէր կարողանում անցնել:
Մի օր էլ դպրոցի կողքով անցնելիս, երբ աշակերտները համը շատ են հանում, Ապետնակը հայհոյելով մտնում է ուսուցչանոց և հարցնում.
-Ձեր միջի ջոջ էշը ո՞ր մեկն ա:
Տնօրենը անմիջապես ոտքի է կանգնում և ասում.
-Ես եմ, ի՞նչ է պատահել:
Ապետնակը մի լավ հայհոյում է սրան, ուսուցիչներին, որ լավ չեն դաստիարակում աշակերտներին ու դուրս է գալիս:
Ապետնակին այդ վիճակում տեսնելով՝ գյուղացիներից մեկը հարցնում է.
-Ի՞նչ ա հելե, հնչես ըտենց երսոտե:
-Իմալ չերսոտեմ, էդ լակոտները ընձի հանգիստ չեն տալում, տո Մուշեղ ջան, քո ճժերն էլ են ըտոնց խետ, քո չժերն էլ, ես տոնց …
Դեսից Դենից
85 տարեկան հորեղբայրս մահացել էր: Մարդիկ գալիս էին մխիթարելու: Ներս մտավ մի երիտասարդ, վերցրեց օղու լիքը բաժակը և դիմելով հարազատներին՝ ասաց.
-Հարգելի՛ հանգուցյալներ, ողջ լինեք, բիձին առողջություն եմ ցանկանում,- ու դատարկեց օղու բաժակը:
Նրա գնալուց հետո դիմեց կողքիս նստած Ջանոյ Գարեգինին.
-Իմա՞լ ես, հանգուցյալ:
-Հընչի մինեկ ե՞ս եմ հանգուցյալ:
* * *
Ջանոյ Գարեգինը սայլով ջրաղաց գալուց է լինում: Գյուղամիջում Էլոյ Ալեքսանը Գարեգինին հարցնում է.
-Բաջանաղ, եզներդ ինչու ե՞ն այդպես ձախ քաշում:
-Ալեքսան ջան,կամա~զ են, կամա~զ:
* * *
Էլոյ Ալեքսանը մտնում է Նոր Բայազետի շուկան ու հերթով հարցնում թթի արժեքը: Մոռանալով, թե ումն է հարցրել ումը չի հարցրել, երկրորդ անգամ էլ է հարցնում: Սա պատասխանում է.
-Տո, կամազ, նոր հարցրիր, ասացի՝ 60 կոպեկ:
Ալեքսանը զարմացած այս ու այն կողմ է նայում:
* * *
Ջանոյ Գարեգինի կինը մահացել էր: Մխիթարանք գնացողներից մեկը հարցնում է.
-Իմա՞լ ես, բիձա Գարեգին:
Գարեգինը պատասխանում է.
-Ես էլ եմ լավ, Նոյեմն էլ:
Մի քանի տարի հետո մահանում է Գարեգինը: Ներս է մտնում մեկն ու հարցնում.
-Իմա՞լ ես, Գուրգեն ջան:
-Ես էլ եմ լավ, պապան էլ:
* * *
Հայր ու որդի, կամուրջով անցնելիս են լինում, որդին հարցնում է.
-Հայրիկ, ինչու՞ են սարքել այս կամուրջը:
-Այ տղա, որ կամուրջը չլիներ, բա գետը որտեղի՞ց կանցներ:
Ֆրեդ Գզրարյանի պատմածը
Ֆաբրիկայի հոգսերով տարված՝ վաղ առավոտյան սկսեցի արագ-արագ հագնվել: Թոռնիկս հարցրեց.
-Պապիկ, այդ ու՞ր ես գնում:
-Գրողի ծոցը,-պատասխանեցի:
-Մեքենայո՞վ ես գնում, թե՞ ոտքով:
-Քու համար մեկ չէ՞:
-Պապիկ ջան, մեքենայով գնա, որ շուտ հասնես:
* * *
Ումրշատյան Պապինը իջնում է Արարատյան դաշտ՝ կարտոֆիլ վաճառելու: Երեկոյան պիտի հյուր գնա: Մտնում է խանութ՝ մի շիշ օղի վերցնելու: Վաճառողը պահարանից իջեցնում է մի շիշ ու պարզում նրան: Տեսնելով շշի վրայի փոշու շերտը, Պապինն անկեղծորեն զարմանում է.
-Գյա, ըստե մարդ չի՞ աբրում:
* * *
Գյուղացիք «իմալ» բառը շատ են օգտագործում: Զրույցի ժամանակ մի ուսուցչի հարցրին.
-Ընկեր Աղայան, հայոց լեզվի մասնագետ եք, դուք է՞լ եք իմալ ասում:
-Բա իմալ չօգտագործեմ:
Անկիրառելի խորհուրդ
-Խմելը թարգելու ձև են գիդում, էն օրը ռադիոյով լսեցի,-բացատրեց Հայրոն լյարդից գանգատվող Գարսևանին,- ուրեմն համա խմելդ գալումա, խնձոր ես ուտում:
-Գիվա թե դու էլ բան ասիր,-ձեռքը թափ տվեց Գարսևանը,- ես էդքան խնձոր կանա՞մ ուտեմ…
Հանելուկ
-Մե հանելուկ ասեմ, կարա՞ս խանես,- հարցրեց Գարսևանը:
-Ասա, տենանք:
- Էն ի՞նչն ա, ի՞նչը…
-Արաղն ա,- ոգևորված վրա բերեց Հայրոն:
Սրամիտ պատասխան
Սուչու Վանուշը ձիասայլակով բանջարեղեն էր վաճառում հարևան գյուղում: Մոտենում է մի պառավ կին և ասում.
-Ախպեր ջան, սպասը թոնրին եռում է, մի կապ բազուկ չե՞ս տա տանեմ, մինչև հիմա հավը կածի, ձուն կբերեմ:
Վանուշը կես լուրջ, կես կատակ ասում է.
-Տար, քուր ջան, բայց լավ կանես հավը բերես, դնեմ սայլին, երբ որ ածեց, ձուն կվերցնեմ, իսկ հավը բաց կթողնեմ:
Ինու՞ են ասում
«Կհլնես Սաֆոյ շունը»
Խոսքը վերաբերվում է Սաֆարի Սաֆոյ շանը: Սաֆոն հովիվ էր: Ոչխարների հոտը դաշտ տանելիս՝ հետը անպակաս էր շունը: Սա շատակեր էր: Տերն ինչքան կաթ էր տալիս՝ ագահությամբ լակում էր և նորից էր կեր պահանջում:
Սաֆոն ոչխարները տանում է Սևանա լիճ՝ ջրելու: Լճի ափին, ավազի մեջ փոս է փորում ու կաթը
լցնում ջրի մեջ: Շունն անվերջ լակում է այդ ջուր-կաթը… Այնքան է լակում, մինչև տեղնուտեղը սատկում է: Այդտեղից էլ «Կհլնես Սաֆոյ շունը» արտահայտությունը:
«Չանես Փափոլի խավիծը»
Խոսքը վերաբերվում է Ջժմաչու Փափոլին: Փափոլը խավիծ եփելիս թավան դնում է կրակին, ապա՝ յուղը դաղում է: Դրա վրա ավելացնում է ալյուրը: Քիչ եփելուց հետո տեսնում է, որ յուղը պակաս է, յուղ է ավելացնում, նկատում է, որ ալյուրն է պակաս, ալյուր է ավելացնում: Թե՜ մեկը, թե՜ մյուսը անընդհատ ավելացնելով՝ խավիծը թավայից թափվում է:
Դրա համար էլ որևէ բան պատրաստելիս միմյանց զգուշացնում են՝ «չանես Փափոլի խավիծը»:
«Արեցիք Գափոյենց տունը»
Այս արտահայտությունը եկել է Քյավառից: Գափոյենց տոհմի անդամներին հատուկ էր բարձրաձայն խոսելը: Դրա համար էլ, երբ մարդիկ բարձր են խոսել միմյանց հետ, ասել են «Սարքեցիք Գափոյենց տունը»: Երբ հավաքված մարդիկ իրար չեն հասկանում, աղմկում են, բարձրաձայն են խոսում, միմյանց ասում են՝ «Դե լավ, էլի, արեցիք Գափոյենց տունը»:
Միրզոյ ձմեռ
1956-ի մայիսի 28-ին տեղացել է առատ ձյուն: Ոչխարները դաշտ չեն գնացել: Սոնոյ Միրզոն անասնակեր չի ունեցել ոչխարներին կերակրելու համար: Այսպես սոված մնացել են մինչև ուշ երեկո: Ոչխարներ դեսուդեն ընկնելով՝ ջարդել են կողքի փայտե դուռը և հարձակվել գարու պարկերի վրա: Ագահորեն այնքան են կերել, որ բոլոր 10 ոչխարներն էլ սատկել են…
Մադոյ ամառ
Այս արտահայտությունը հաճախ են միմյանց ասում: Մադոյ Մելքոնը շատ հողաատարածություն է ունեցել: Հետևաբար շատ էլ բերք է հավաքել: Երբ մյուսները բերքն հավաքած, կալսած, ամբարած են լինում Մադոյենք այդ աշխատանքները շարունակում են մինչև հոկտեմբերի վերջի արևոտ օրերը: Գյուղացիներն ասում են ՝ Մադոյենք շատ ալարկոտ են, դրա համար էլ բերքահավաքի աշխատանքները երկար են ձգվում:
Նյութը հավաքեցին՝ Մարի և Նելլի Վարդանյանները
Աղբյուրը՝ Վաչիկ Շահբազյանի «Կարմիրգյուղ» գիրքն է։